«Նաիրիտ գործարան» ՓԲԸ պահպանության հատուկ հրշեջ ջոկատում կայացել է պատանի հրշեջ փրկարարների Երեւան քաղաքի առաջնությունը, որին մասնակցել են Երեւանի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ եւ Արաբկիր վարչական շրջանների դպրոցների 9 թիմեր, ինչպես նաեւ՝ Համալիր մարզաձեւերի մանկապատանեական մարզադպրոց ՀՈԱԿ-ից:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնակիցներին ողջունել եւ հաջողություն է մաղթել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետեւյալ մարզաձեւերում.
• Վազք 100 մ (տղաներ)
• Վազք 60 մ (աղջիկներ)
• Մարտական հագուստի հագնում
• Ձգում կախ դրությունից (տղաներ)
• Հրում հատակից (աղջիկներ)
• Վազք 500 մ (տղաներ եւ աղջիկներ)
• Փոխանցումավազք 4x100 մ:
Պատանի հրշեջ-փրկարարների Երեւան քաղաքի առաջնության հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի N 180 դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների հավաքական թիմը, 3-րդ տեղ՝ Աջափնյակ վարչական շրջանի N 195 դպրոցի թիմը:
Երեւան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած թիմերը հնարավորություն են ստացել մասնակցել ապրիլին կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնությանը:
Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական եւ հոգեբանական զարգացման նպատակով:




























