Երեւանում 2016թ. մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանության գործով դատարանում ցուցմունք են տվել քրեական գործով տուժող ճանաչված երկու երիտասարդներ: Սերգեյ Օսիպովը եւ Սամվել Գալստյանը Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունքի ժամանակ ասել են, որ չեն ճանաչում գործով ամբաստանյալներ Նարեկ եւ Դավիթ Պողոսյաններին:

«Նրանք նշեցին, որ Դավիթին եւ Նարեկին ոչ այն ժամանակ են ճանաչել, ոչ էլ հիմա են ճանաչում կամ հիշում, նաեւ նշեցին, որ իրենց այդ վնասվածքները նրանք չեն հասցրել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց շահերի պաշտպան Սյուզան Խչեյանը:

Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրենց հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):