ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 30-ին ընդունել է բրազիլահայ Ներսես Յեգիներյանին, որն այս անգամ Հայաստան է եկել եղբոր հետ՝ բիզնես ծրագրերով:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բրազիլիայում Ներսեսը հոր՝ եւ եղբոր Բյուզանդ եւ Վազգեն Յեգիներյանների հետ զբաղվում է ընտանեկան բիզնեսով եւ որոշել են հայրենիքում էլ ներդրում անել, գործարարությամբ զբաղվել: Հետագայում Հայաստան տեղափոխվելու, ընտանիքով հայրենադարձվելու մտադրություն ունեն:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարեւորել է նրա ճիշտ դիրքորոշումը, ակտիվ գործունեությունը հայրենիքում, մասնավորապես անդրադարձել է նրա նոր ծրագրերին: «Շատ լավ կլիներ, որ ամուր կապվեիք Հայաստանի հետ, ձեր գիտելիքները, փորձը, կապերը, հնարավորությունները ներդնեիք Հայրենիքում», - հավելել է նախարարը:
Ներսես Յեգիներյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, պատմել Հայաստան կատարած իր այցելությունների մասին. «Երբ դիտում էի Globo TV- ի հաղորդումները տարբեր երկրների մասին, մտածում էի, որ լավ կլինի Հայաստանն էլ ներկայացնել բրազիլացի հեռուստադիտողին, եւ նամակ գրեցի Globo TV-ին: Ի զարմանս ինձ, շատ շուտ պատասխան ստացա, իսկ մի քանի հարցազրույցներից հետո որոշվեց Հայաստանի մասին ֆիլմ պատրաստել: 2014թ. Globo TV-ի նկարահանող խումբն այցելեց Հայաստան: Ես ցանկություն հայտնեցի ուղեկցել նկարահանող խմբին եւ կրկին 15 օրով եկա Հայաստան: Այն ժամանակ առաջին անգամ այցելեցի սփյուռքի նախարարություն: Սփյուռքի նախարարության աջակցությամբ նկարահանող խումբը այցելեց մի շարք թանգարաններ: Հայաստանի մասին այդ ֆիլմը դիտել է 40 մլն մարդ»:
Ներսեսը սովորում է Սան Պաուլոյի FMU համալսարանի իրավաբանության ֆակուլտետի վերջին կուրսում:




























