ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 31-ին ներկա է գտնվել Խորենացի փողոցում (Գում-ի հարակից տարածքում) նորովի կառուցված՝ ԱՁ Ազիզ Շաբաբյանին պատկանող մսի վաճառքի տաղավարի բացմանը, որը համապատասխանում է մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայության կողմից իրականացվող հետեւողական աշխատանքների արդյունքում՝ տնտեսավարողը նույն տարածքում վերանորոգում է մսի իրացման եւս երկու կետ:

Ծառայությունը դեռ նախորդ տարեվերջից է սկսել մսի իրացման շուկայում տնտեսավարողներին ներկայացնել մսի շուկայահանման համար նախատեսված անասնաբուժասանիտարական անվտանգության եւ հիգիենիկ բոլոր պահանջները, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ թե շրջայցերի, թե մի շարք հանդիպումների ու քննարկումների միջոցով եւ որոշակի ժամանակ տվել՝ անհրաժեշտ վերանորոգումները կատարելու եւ պայմանները բարելավելու համար: Արդյունքում՝ մի շարք մսի տաղավարներ փոխվել են անճանաչելիորեն՝ սպառողներին մատուցելով անհամեմատ որակյալ ծառայություն՝ ապահովելով սառնարանային պայմաններում պահվող, անասնաբուժասանիտարական անհրաժեշտ փաստաթղթեր ունեցող, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններում մսի վաճառք:

Որոշ տաղավարների վերանորոգումը դեռ ընթացքի մեջ է:

Եվս մեկ անգամ տնտեսավարողներին հիշեցնում ենք. միսն ու ենթամթերքն անհրաժեշտ է ստանալ եւ դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում, վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական եւ արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների եւ սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ եւ ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել եւս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները եւ կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է: