Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալությունից 7 շաբաթ անց Գերմանիան հյուպատոսական մակարդակով կալանքի տակ գտնվող լրագրողին տեսակցելու հնարավորություն կստանա։ Թուրքիան բանավոր նոտայի միջոցով հաստատել է, որ ապրիլի 4-ին գերմանացի դիվանագետները կկարողանան տեսակցել Յուջելին։ Այս մասին Բեռլինում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է «Գերմանական ալիքը»։

Հաղորդագրությունում ասվում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, ներկա գտնվելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, ուրբաթ օրը՝ մարտի 31-ին, նորից խնդրել է թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուին հյուպատոսական մակարդակով տեսակցություն ապահովել Դենիզ Յուջելի հետ։ Գաբրիելը պնդել է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կատարի իր խոստումը՝ համապատասխան թեմայի հետ կապված։

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դրանից հետո Չավուշօղլուն, ըստ երեւույթին, Անկարայում նորից է դրել վերոնշյալ հարցը, ինչի համար Գաբրիլեը նրան իր երախտագիտությունն է հայտնում։

«Այսօր առավոտյան Թուրքիան բանավոր նոտայի միջոցով հաստատել է, որ վաղը մենք վերջապես Դենիզ Յուջելին տեսակցելու հնարավորություն կունենանք՝ նրա բարեկեցության մեջ համոզվելու համար՝ բանտարկության ծանր օրերից հետո», - հաղորդել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա Թուրքիայի այդ արարքը «քայլ առաջ» է անվանել։