Երեւանում, այսօր՝ ապրիլի 7-ին, կայացել է Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ԵՄ բյուջետային աջակցության գործընթացներում ներգրավված ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ պետական կառավարման մարմինների մասնագետների համապատասխան կարողությունների բարելավմանն ու իրազեկվածության բարձրացմանը նվիրված աշխատաժողով։
Տնտեսական զարգացման եւ ներդրումներ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել եւ քննարկվել են ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, իրականացմանը, մոնիտորինգին եւ ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։
Իր ողջույնի խոսքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ Բյուջետային աջակցությունը Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կարեւոր գործիքներից է, որի շնորհիվ հատկապես 2007թ. ի վեր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել: Նա նաեւ հավելել է, որ միջոցառման նպատակը Բյուջետային աջակցության, մասնավորապես դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի իրականացմանն ու համակարգմանն առնչվող գործընթացների բարելավումն ու հետագայում ծրագրերի իրականացման շրջանակներում հնարավոր ռիսկերի նվազեցումն է: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, հանդիսանալով Հայաստանում Եվրոպական հարեւանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգողը, շահագրգռված է, որպեսզի ինչպես Բյուջետային աջակցության, այնպես էլ Եվրոպական միության աջակցության մյուս գործիքների կիրառումը Հայաստանում լինի հնարավորինս արդյունավետ։
ԵՄ փորձագետ Օլիվիե Վանդենբուշը մասնակիցների հետ քննարկել է աջակցության ծրագրավորմանը, նախապատրաստմանը, Բյուջետային աջակցության ծրագրերի իրականացման եւ մոնիթորինգի փուլերում ի հայտ եկող ռիսկերին եւ դրանց նվազեցմանն ուղղված քայլերին, մոնիթորինգի գործընթացի շրջանակներում շահառուների հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաեւ խմբային վարժություններ՝ մասնակիցներին նախանշված մեխանիզմների գործնական կիրառման հնարավորությունները ներկայացնելու նպատակով։
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շահառու նախարարությունների եւ այլ պետական մարմինների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական Միության աջակցությամբ:
Նշենք, որ Բյուջետային աջակցության գործիքի միջոցով Եվրոպական Միությունն աջակցում է գործընկեր երկրի բարեփոխումներին։ Բյուջետային աջակցության ծրագրերով նախատեսված գումարները ամբողջապես ուղղակիորեն փոխանցվում են շահառու երկրի պետական բյուջե: Նախատեսված գումարները տրամադրվում են միայն համաձայնագրերի շրջանակներում ամրագրված պարտավորությունները երկրի կողմից իրականացնելուց հետո, իսկ պարտավորությունների իրականացման կատարողականը գնահատվում է համապատասխան անկախ փորձագիտական առաքելության կողմից:




























