Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սեւան ազգային պարկի» գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական եւ հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները:
Վարչապետ Կարապետյանը կարեւորել է «Սեւան ազգային պարկի» գործունեության արդյունավետության բարձրացումը եւ հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ: «Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը: Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք եւ կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու փող աշխատում», - ասել է կառավարության ղեկավարը:




























