Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել արտադրությունների ընդլայնմանը միտված կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, թեթեւ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր:  

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ թեթեւ արդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլ նաեւ ունի զարգացման ու համեմատաբար արագ աշխատատեղեր ստեղծելու մեծ պոտենցիալ: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ոլորտի առաջընթացը խթանելու նպատակով շարունակել ակտիվ համագործակցությունն ու նպաստել նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: «Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին եւ սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:   

Այդ համատեքստում, ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում հանրապետությունում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները եւ շարժվել առաջ: Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար  ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»:

 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ԱԱՀ-ի վերադարձի ժամանակահատվածին, ընկերությունների կողմից ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, ոլորտի մասնագետների ուսուցմանը, վերապատրաստմանը եւ այլ հարցերի:

 Վարչապետը հանձնարարել է ներկայցված հարցերը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում քննարկելուց հետո առաջիկայում կազմակերպել եւս մեկ հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ: