Ապրիլի 11-ից 14-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը եւ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:
Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ:
Այցի ավարտին ՉԺՀ բարձրաստիճան պատվիրակությանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է կողմերի միջեւ փոխգործակցության ընդլայնման եւ նոր ոլորտների ներգրավվման կարեւորությունը:
Հանդիպման ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը եւ դերծովակալ Գուան Յուֆեյը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՉԺՀ պաշտպանության նախարարության միջեւ 2017թ. համագործակցության ծրագիրը:




























