Լիտվան պատրաստ է առողջապահության ոլորտում իր փորձը կիսել Հայաստանի հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Լիտվայի առողջապահության նախարար Ավրելիուս Վերիգան։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերը, փոխադարձ ընդգծվեց փորձի փոխանակման կարեւորությունը, հարաբերությունները նոր իրավապայմանագրային հիմքի վրա զարգացնելու հնարավորությունը։
Նախարար Վերիգան նշեց, որ Լիտվան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ հատկապես առաջնային առողջապահության եւ ընտանեկան բժիշկների ինստիտուտի առավել զարգացման։
Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ հնարավոր է դիտարկել երկու երկրների առաջատար բժշկական բուհերի՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական եւ Լիտվայի բժշկագիտության համալսարանների միջեւ համագործակցություն հաստատելու հնարավորությունը։
Կողմերը կարեւորեցին փոխադարձ այցերի շրջանակներում առողջապահության բնագավառում համագործակցության ավելի խորացման անհրաժեշտությունը։




























