Ապրիլի վերջին Հայաստան բանակցելու կգան չեխական մեքենաշինական Tatra ընկերության ներկայացուցիչները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Միկսիկան:

Նշենք, որ մարտի 17-ին Հանրապետական կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մեքենաշինական Tatra եւ Zenon (հավանաբար նկատի է ունեցոլ Zetor – խմբ.) ընկերությունները պատրաստ են Հայաստանում բեռնատարների արտադրություն հիմնել՝ 2 հազար աշխատատեղով: Այս կապակցությամբ դեսպանը նշեց, որ այդքան մարդ չի աշխատում նույնիսկ Tatra-ում (մոտ 1300):

«Ուստի այստեղ նման արտադրության մասին մտածելը, հնարավոր է, այնքան էլ տրամաբանական չի լինի: Այնպես որ՝ այդ լուրերը ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել: Այսպես թե այնպես, չեխ բիզնեսմենները պատրաստվում են բանակցությունները շարունակել: Tatra-ի ներկայացուցիչները կժամանեն հաջորդ շաբաթ, իսկ Zetor-ի՝ եւս մեկ շաբաթ հետո: Պարզապես բանակցությունները հիմա շատ վաղ փուլում են, որ հնարավոր լինի խոսել, թե դա ինչպիսի բիզնես կլինի եւ ինչ չափերի»,- պարզաբանեց դեսպանը: