Femen շարժման 6 ակտիվուստների, որոնք նախօրեին ակցիա են անցկացրել ընտրական տեղամասի մոտ, որտեղ քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը, նաեւ տեղի ունեցողը լուսաբանող լուսանկարիչը կալանավորվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

France Info պորտալը հայտնում է, որ ակտիվիստներին մեղադրում են իշխանությունների պահանջին չենթարկվելու համար:

Ակցիան տեղի է ունեցել կիրակի՝ Պա դե Կալե դեպարտամենտի Էնեն Բոմոն բնակավայրում, որտեղ Լը Պենը եկել էր քվեարկությանը մասնակցելու, իսկ այնուհետեւ իր շտաբում սպասել է առաջին փուլի արդյունքներին:

Լուսանկարչին ձերբակալելու մասին հայտնի է դարձել կիրակի ակցիան անցկացնելուց կարճ ժամանակ անց: Hans Lucas ֆոտոգործակալությունից ավելի վաղ հայտարարել էին, որ «պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ժակոբ Քրիսթը, որն իր պարտականություններն է կատարել, ձերբակալվել է ուժի կիրառմամբ»:

FEMEN շարժման Twitter-ում ակցիայի լուսանկարներ են հրապարակվել: Դրանցում կիսամերկ ակտիվիստները մի շարք երկրների առաջնորդների ռետինե դիմակներ են կրել, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահների: Աղջիկները նաեւ հագնվել են Լը Պենի հոր՝ Ժան Մարիի եւ Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախկին ղեկավար Նայջելա Ֆարաջի նմանությամբ:

Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալներով՝  նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 23,75 տոկոսը, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21,53 տոկոսը: «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նախագահական մրցապայքարից դուրս է մնում ստացած 19,91 տոկոս ձայներով: Ժան Լյուկ Մելանշոնը ստացել է 19,64 տոկոս ձայներ: