Հանրային խորհուրդը դեմ է, որպեսզի Հայաստանում գորգերի առանձին թանգարան բացվի. նախագծի շուրջ շահագրգռվածություն չի ցուցաբերում նաեւ Մշակույթի նախարարությունը։ Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը, ով դրա համար մեղադրեց հատկապես Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանին։ Ն րա խոսքով, դա պայմանավորված է նրա վախով, որ իր թանգարանի նմուշները կարող են փոխանցվել ստեղծվելիք առանձին թանգարանի։
«Հայկական գորգերի թանգարան հիմնելու ծրագիրը Հանրային խորհուրդը քննարկել է վերջերս՝ նոյեմբերի 9-ին կայացած նիստի ընթացքում։ Այնտեղ զարմանալիորեն գտնվեցին մարդիկ, ովքեր դեմ արտահայտվեցին գորգերի թանգարան բացելու մտքին։ Այդ մարդկանցից էր նաեւ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, ում կարծիքը ազդեց ներկաներից մի քանիսի տրամադրվածության վրա եւս։ Խորհուրդը իր այս դիրքորոշումը բացատրեց նրանով, որ Հայաստանում գոյություն ունեցող գրեթե բոլոր թանգարաններում կան գորգերի ցուցադրության բաժիններ (ուր ներկայացված են ավելի քան 4500 նմուշներ՝ Հայաստանում գոյություն ունեցող բոլոր գորգերի շուրջ 5 տոկոսը) եւ գորգերի առանձին թանգարան, որպես այդպիսին, ստեղծել պետք չէ»,- նշեց ազգագրագետը։ Մինչդեռ հայկական գորգերի թանգարան հիմնելը, նրա խոսքով, մեկ անգամ եւս կհաստատի այն փաստը, որ Հայաստանը եղել է գորգագործության ամենահին օրրաներից մեկը։ «Օրեր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գորգը ճանաչեց ադրբեջանական մշակութային արժեք»,- ասաց նա՝ փաստը դիտարկելով իբրեւ հայկական կողմի անհետեւողականության արդյունք։
Աշխունջ Պողոսյանի խոսքով, Հայաստանում գորգերի թանգարան հիմնելու միտքը կա դեռեւս 1981 թվականից։ «Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը որոշում էր կայացրել նման թանգարան բացել Վաղարշապատում, սակայն գաղափարը մինչ օրս անիրագործելի է մնում։ Այդ տարիներից Հայաստանի Ազգագրության պետական թանգարանում (Սարդարապատում) հավաքվել եւ պահվում են 2000 գորգեր եւ 1000 կարպետներ, որոնք սպասում են ցուցադրության եւ ուսումնասիրությունների»,- ասաց ազգագրագետը։
Աշխունջ Պողոսյանը տեղեկացրեց, որ հայկական ամենահին գորգը, որը ներկայումս գտնվում է «Էրմիտաժում», 2500 տարվա վաղեմություն ունի։ «Հայաստանում պահվող ամենահին գորգը թվագրվում է մ.թ.ա.17-րդ դարի։ Միջնադարում հայկական գորգը համարվել է էտալոն։ Դրա մասին են վկայում 10-րդ դարի երկու արաբ պատմիչներ։ Մինչդեռ այսօր ոչ ոք չի ընդունում, որ աշխարհում, որպես առանձին միավոր, հայկական գորգ գոյություն ունի»,- ցավ հայտնեց ազգագրագետը։
Ամփոփելով Պողոսյանը տեեղկացրեց, որ հարեւան Թուրքիայում գործում են գորգերի ավելի քան 40, իսկ Ադրբեջանում՝ 12 թանգարաններ։




























