Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկաններին կողմից  դեռահասներին բերման ենթարկելը նրա համար, որ իբր նրանք «էմո» են,  կառավարության կողմից ծրագրավորված քաղաքականություն է. այդ քաղաքականությունը շուտվանից է սկսվել ու շարունակվելու է: 

Նոյեմբերի 19-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»  ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը` հավելելով, որ ոստիկանության գործողություններն ամենւին էլ պատահական չեն եղել:

«Ես վաղուց հետեւում եմ մամուլին եւ երեխաների ձերբակալությունը նախօրոք պատրաստվող ակտ է եղել, որովհետեւ արդեն քանի ամիս է մամուլում կեղծ լուրեր են տարածվում,  թե տարբեր կրոնական կազմակերպությունների կամ սուբմշակույթների, ասենք «էմո»-ների ներկայացուցիչներ ինքնասպանության են դիմում: Լրատվական ծրագրավորված  արշավ էր գնում եւ կոչ  արվում, որպեսզի ոստիկանները եւ պետությունը պայքարեն բոլոր կրոնական կազմակերպությունների, նաեւ «էմո»-ների շարժման դեմ»,-ասաց Դանիելյանը:

Նա նշեց, որ ոստիկանների արարքը մարդու` մասնավորապես դեռահասների իրավունքների կոպիտ խախտում  է եւ «նորմալ երկրներում նրանք կպատժվեին խստագույն կերպով»:

Դանիելյանը հայտնեց նաեւ, որ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»  ՀԿ-ն շուտով հանդես կգա հայտարարությամբ կապված այս դեպքի հետ:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է հասարակությունն արձագանքի այս դեպքին եւ պաշտպանի դեռահասների իրավունքները, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Հասարակական կազմակերպություններն այս ամենի դեմ չեն կարող պայքարել դատական համակարգի միջոցով, քանի որ այն կառավարության քաղաքականությունն է իրականացնում եւ չի գործի կառավարության դեմ: Պայքարի միակ տարբերակը միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելն է եւ Հայաստանի հասարակությանը բացատրելը, որ տնտեսության եւ պետական կառույցների փլուզման պայմաններում իշխանությունը փորձում է ուղղակի ուշադրությունը շեղել այս պրոբլեմներից դեպի հնարովի պրոբլեմներ` ինքնափրկության համար»: