Միջին մասնագիտական ուսումնարանները այնքան էլ հաճախ չեն հայտնվում հանրության եւ մամուլի ուշադրության կենտրոնում։ Հայաստանում, ինչպես հայտնի է, հարգի են «բուհական դիպլոմները»։ Սակայն մի քանի հարյուր միջին մասնագիտական ուսումնարաններում, որոնք ավելի շատ հանրությանը ներկայանում են «քոլեջ» անվամբ, կուտակված է լուրջ մարդկային, մասնագիտական որակյալ ռեսուրս։ Իսկ շուկայի պայմաններում գործատուն գնահատում է ոչ այնքան դիպլոմի հարգը, որքան կրթական որակը։

«Արմենտելը», որը Հայաստանի խոշորագույն գործատուներից է, որոշել է կրթական հենց այս մակարդակում փնտրել իրեն անհրաժեշտ կադրային ռեսուրսը։ «Արմենտելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանի խոսքով՝ միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում այն չբացահայտված գոհարն է, որտեղից կարելի է շատ լավ կադրեր ու գաղափարներ ստանալ։ 

Նոյեմբերի 18-20-ը Ծաղկաձորում անցկացվեց ձեռնարկատիրական ճամբար, որտեղ միջին մասնագիտական ուսումնարանների ավարտական դասարանների ուսանողներին առաջադրվեց լուծել բիզնես առաջադրանք։ Սա միջազգային բնույթի միջոցառում է, այն կազմակերպում է Բրիտանական խորհուրդը՝ Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրներում։ Այս տարվանից նման մրցույթները կազմակերպվում են արդեն ողջ աշխարհում, նախատեսվում է նաեւ միջազգային հավաք։

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 50 ուսանող բաժանվել էին 10 խմբերի (յուրաքանչյուրում՝ հինգական մարդ), եւ պետք է ժյուրիին ներկայացնեին սոցիալական որոշակի խմբերում (ուսանողներ, թոշակառուներ, քաղաքական գործիչներ, տնային տնտեսուհիներ եւ այլն) «Արմենտելի» մարկետինգային քաղաքականության ամենաօպտիմալ տարբերակը։ Մասնակիցների ընտրությունը կատարվել է ողջ հանրապետությունով մեկ՝ նրանք պատասխանել են այն հարցին, թե ինչպես կարելի է ինտերնետn օգտագործել բիզնեսում եւ այլ նպատակներով։ Ծաղկաձորյան հավաքին ներկա էին բոլոր մարզերը, սակայն համեմատաբար շատ էին երեւանցիներն ու գյումրեցիները։

Հաղթող ճանաչվեց այն խումբը, որը բիզնես պլաններ էր մշակում թոշակառուների համար։ Նրանց առաջարկած գովազդային ձեւակերպմանը կարող էին նախանձել նույնիսկ փորձառու մարկետոլոգները. «օգտվեք մեր ծառայություններից եւ կերիտասարդանաք»։ Ընդհանուր առմամբ, ուսանողները (նրանք մեծամասամբ 16-17 տարեկաններ էին) որոշել էին «Արմենտելին» սովորեցնել, թե ինչպես կարելի է զեղչեր ու անվճար րոպեներ կիրառել։ Օրինակ՝ շատախոս տնային տնտեսուհիների համար նրանք առաջարկում էին 10 րոպե խոսելու դեպքում 2 րոպե անվճար րոպե տրամադրել, իսկ գործունյա լրագրողներին օրական 20 րոպե անվճար խոսելու հնարավորություն տալ, որպեսզի հասարակությունն ավելի իրազեկված լինի։ Խմբերից մեկn առաջարկում էր գյուղերում ընդլայնել սպասարկման կենտրոնները (դրանք գյուղերի մեծամասնությունում ընդհանրապես բացակայում են)։ Երեխաներից մեկը նույնիսկ ավելի առաջ գնաց՝ առաջարկելով «Արմենտելի» գլխավոր տնօրենին՝ ավելի հաճախակի երեւալ հանրության աչքին՝ դրանով վստահություն ներշնչել սպառողներին։

Նշենք, որ հաղթողները պարգեւատրվեցին թանկարժեք նվերներով, իսկ որ ամենակարեւորն է՝ նրանք հնարավորություն ստացան ստաժավորման անցնել անմիջապես «Արմենտելի» գրասենյակներում։ «Արմենտելի» ներկայացուցիչները չեն բացառում, որ այդ երեխաների մի մասը այնուհետեւ կլրացնի իրենց կադրային ռեսուրսը։