Կարելի է ԵԱՀԿ-ի օրակարգ մտցնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը: Մայիսի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման վրա Ադրբեջանի վետոյին եւ կազմակերպության համապատասխան եզրակացություններին՝ Ալեքսանդր Մարկարովը շեշտեց. «ԵԱՀԿ-ը գիտեր ում հետ գործ ունի, քանի որ մի քանի տարի առաջ հենց Ադրբեջանը հանդես եկավ Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակլը փակելու նախաձեռնությամբ: Այսինքն՝ Բաքվի համար բացարձակապես կարեւոր չէ միջազգային այս կազմակերպության ներկայությունը, որը զբաղվում է ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ, ընտրական մոնիթորինգով եւ ընտրական օրենսդրության բարելավմամբ: Ադրբեջանին նման կազմակերպությունը պետք չէ»:

Քաղաքագետն այնուհետեւ նշեց, որ Ադրբեջանի համար այս կազմակերպությանն անդամակցությունը ձեւական բնույթ ունի: «Ձեւական է նաեւ Ադրբեջանի հետ այս կազմակերպության համագործակցությունը: ԵԱՀԿ-ը գիտի ում հետ գործ ունի, սակայն կազմակերպության կանոնները դեռեւս նախկինն են, այսինքն՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Արդյոք Ադրբեջանի դիրքորոշումը հիմք կդառնա՞, որ ԵԱՀԿ-ը վերանայի խաղի սեփական կանոնները, դժվար թե: Բայց արդյոք սա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հի՞մք է, սա հարց է, որը կարելի է քննարկել եւ անհրաժեշտ է օրակարգ մտցնել»,- ամփոփեց Ալեքսանդր Մարկարովը: