Զբոսաշրջիկները կկարողանան Գառնի եւ Գեղարդ հասնել նոր ճանապարհով: Մայիսի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գառնի եւ Գեղարդ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Ճանապարհը կնորոգվի Համաշխարհային բանկի 55 մլն դոլարի վարկային ծրագրով, որն ուղղված է Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:

«Ուղեւորությունն ավելի արագ եւ հարմարավետ կլինի: Մասնավորապես, վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն Ողջաբերդ գյուղի հատվածում: Այնտեղ ճանապարհը սողանքի հետեւանքով պարբերաբար վնասվում է»,- նշեց փոխվարչապետը:

Կբարեկարգվի նաեւ Գառնու տաճարի եւ ձորի (այդ թվում՝ «Քարերի սիմֆոնիա» կոչվող բազալտե ժայռերը) եւ Գեղարդի վանքի շրջակայքը: Ճանապարհները կվերանորոգվեն եւ կլուսավորվեն:

Նորոգման աշխատանքներ կկատարվեն նաեւ Դվինի թանգարանի (Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի), Խոր Վիրապի վանքի, Արենիի եւ Մոզրովի քարանձավների, «Զորաց քարեր» հուշարձանի, Խնձորեսկի քարանձավի եւ Հաղպատի ու Սանահինի վանքերի մոտ: