Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 23-ին այցելել է Երեւանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական նորագույն սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է եւ դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը:
Գործարանի բացման արարողությունից հետո, ՀՀ նախագահը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկության ղեկավարների հավաստմամբ, մի շարք եվրոպական եւ ամերիկյան ընկերություններից ձեռք բերված սարքավորումներն ու տեխնոլոգիան ապահովում են արտադրվող մարտկոցների բարձր որակը, արտադրության բոլոր գործընթացներում նվազագույնի է հասցված մարդկային միջամտության գործոնը, որակի վերահսկման նպատակով գործում են ժամանակակից համակարգչային սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ: Նշվել է նաեւ, որ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում, ընկերությունը հնարավորություն կունենա բավարարել ոչ միայն Հայաստանի պահանջը, այլեւ` հարեւան պետությունների մեկնարկային մարտկոցների պահանջարկի մի մասը:





























