Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձն առաջարկվել է այլ երկրների՝ ներդրման նպատակով:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջիկայում հատուկ այցով Հայաստան կժամանեն ներկայացուցիչներ Թունիսից եւ Մարոկկոյից՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձի ուսումնասիրության եւ իրենց երկրներում կանխարգելման մեխանիզմ ներդնելու կամ առկա մեխանիզմը զարգացնելու նպատակով: Ներկայում արդեն իսկ տարվում են այցերի նախապատրաստման աշխատանքներ: Դրանից հետո տեղի կունենան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը Թունիս եւ Մարոկկո՝ հայաստանյան փորձի ներդրման գործընթացի հետեւողականությունն ապահովելու նպատակով:

Այս հարցում հիմք են ընդունվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր սահմանադրական օրենքում տեղ գտած սկզբունքները, որդեգրված նոր աշխատանքային մոտեցումները, ինչպես նաեւ կիրառվող նոր մեթոդները խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում:

Կարեւորվել են նաեւ օրենսդրական նոր լուծումները եւ նոր սկզբունքներով աշխատանքը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության հարցում: