Թող իրավապահները զբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարով, ինչի բավարար լծակներ չունե՞ն, պարտադիր է կոլեգաները մեկը մյուսի վրա գործ տա՞ն»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ շարունակելով պնդել, որ ԱԺ-ում քննարկվող «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» օրինագծի ազդարարի հատվածը հայի տեսակին հարիր չէ: Ըստ ազդարարի՝ աշխատակիցը կարող է գործընկերոջ կոռումպացված լինելու վերաբերյալ անանուն հաղորդում տալ հանձնաժողովին, եթե փաստարկված է իր բողոքը: Պատգամավորների մի մասը կարծում է, որ այսպիսով կխաթարվի մարդկանց աշխատանքի բնականոն հունը եւ շատերը կլծվեն գործընկերներին ու պաշտոնատար անձանց վարկաբեկելու գործին: Այս քննարկումների կուլմինացիան ՀՅԴ պատգամավորի հայտարարությունն էր, որը խիստ քննադատեց ազդարարի ինստիտուտի այդ դրույթը՝ այն որակելով «գործ տվողի» ինստիտուտ:
«Ազդարարի մասին հատվածը որ կարդաք, կտեսնեք՝ ինչի մասին է խոսքը: Պատկերացրեք մի կոլեկտիվում աշխատում եք, ինչքանո՞վ է ճիշտ դա: Ստացվում է՝ սաղ ազգը բանուգործը թողած՝ պիտի սկսի մեկը մյուսի վրա գործ տալը: Իմ ասածը վերաբերում է նրան, որ Եվրոպայից էդ արժեքները ներմուծելով՝ մի կոլեկտիվի մեջ էնպիսի իրավիճակ են ստեղծում, որ բոլորը բոլորից սկսելու են զզվել: էլի եմ ասում իմ ասածը վերաբերվում է ազդարարին, որ պիտի մեկը մյուսի վերաբերյալ ինչ-որ բան ազդարարի: Հայ ագը սկսելու ա իրարից զզվել»,-ասաց Անդրանիկ Կարապետյանը:
Հատկանշական է, որ այս խոսքերի հեղինակ նորաթուխ պատգամավորը մասնագիտությամբ իրավաբան է, մինչ խորհրդարան գալը, աշխատել է Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչությունում: Նա շեշտեց, թե իր մտահոգությունները չեն վերաբերում կոռուպցիայի մասին ահազանգին, դեմ է, օրինակ, աշխատանքային էթիկան խախտելու մասին ահազանգերին: «Իմ խոսքը չի վերաբերում կոռուպցիային, օրինակ բերեմ, էթիկայի կանոները գիտե՞ք, թե որն է, կա՞ սպառիչ մի բան դրա մասին, որ օրինակ սա էթիկա է, սա՝ չէ…. Իմ ասածը վերաբերում է նրան, որ մարդկանց մեջ արհեստական անջրպետ են մտցնում»,-ասաց պատգամավորը:
Այդ դրույթը քննադատող պատգամավորը դեռեւս չունի առաջարկ, թե իր իսկ բնութագրած «գործ տվողի» դրույթը ինչով կարելի է փոխարինել. «Էս պահին չեմ կարող առաջարկ անել, բայց էն որ ներքին ազդարարը մեր հայի տեսակին հարիր չէ, փոքրաթիվ ազգին հարիր չէ, այդպես է»:
Հարցին, թե ի՞նչն է հարիր. մաղարիչով, բարեկամ-ծանոթով հարցեր լուծելն է հայի տեսակին հարի՞ր, նա պատասխանեց «Ոչ միշտ, ոչ միշտ ա տենց: Կյանք ա էլի, պետական մարմիններ գործով-բանով գնացել եք… Իմ ասածը կոռուպցիային չի վերաբերում, էլի եմ ասում… էթիկային, մյուս հարցերին է վերաբերում»:
Իրավաբան պատգամավորին վրդովվեցրել է նաեւ այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարի հստակ լծակներ ունեցող իրավապահների փոխարեն այդ գործառույթը պետք է իրականացնեն շարքային աշխատակիցները՝ դեմ դուրս գալով իրենց գործընկերներին: «Է, թող իրավապահները զբաղվեն, ինչի բավարար լծակներ չունե՞ն, պարտադիր է կոլեգաները մեկը մյուսի վրա գործ տա՞ն»:





























