Այսօր Հայաստանում արդեն հան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն առաջարկում է ձեւավորել եւս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթը:

Նրա խոսքով, վարչատարածքային համայնքները միավորվում են ավելի մեծ համայնքներում եւ ավելի մեծ ունակություններ են ձեւավորվում արդյունավետ կառավարում իրականացնելու համար:

«Նոր համայնքները ձեւավորվելուց հետո կընտրվեն խորոշացված համայնքի ավագանիներ: Մինչեւ 10 հազար բնակիչ ունեցող համայնքների համար կընտրվեն 10, իսկ ավելի շատ բնակչություն ունեցող համայնքների համար՝ 15 ավագանիներ: Բոլոր համայնքները, որոնք կընդգրկվեն խոշորացված համայնքներում, կունենան վարչական ղեկավարներ: Վարչական ղեկավարներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին եւ հարցեր ներկայացնել, որոնք պարտադիր պետք է քննարկվեն: Սա կապահովի փոքր համայնքների ներկայացվածությունը: Խորոշացված համայնքը կունենա միասնական բյուջե, միասնական հնգամյա ծրագիր»,-հայտարարեց Տերտերյանը:

Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ կառավարությունը միջոցների տնտեսման խնդիր չի դրել իր առջեւ. «Խոսքն այն մասին է, որ խոշորացված համայնքների համար ստեղծում ենք ռեսուրսների բաշխման հնարավորություն: Այս օրենսդրական նախաձեռնությունը դոտացիաների փոփոխություն չի նախատեսում»: