Երբ համայնքների խոշորացման գործընթացն ավարտվի, կառավարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որ այդ համայնքների ավագանիներն ընտրվեն համամասնական ընտրակարգով: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հավելելով, որ դա, ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2018-ին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր համայնքներ տարբեր ենթամշակույթներ են ներկայացնում, եւ արդյոք օրինագիծը մշակելիս դա հաշվի է առնվել, Տերտերյանը պատասխանեց. «Մեր դիտարկումն էլ կարող է լինել տրամագծորեն հակառակը, որ տարբեր գյուղեր նույն համայնքում լինելով կարող են փոխադարձ հարստացնել մշակույթը: Մենք պետք է մի փոքր զգույշ լինենք, էս գյուղն էն գյուղի հետ խնամի չեն դառնում, էս գյուղից էն գյուղ աղջիկ չեն տալիս, դպրոց չեն գնում: Դե չեն տալիս, բայց մեր տեսլականը դա չպետք է լինի»:

Նշենք, որ այսօր Հայաստանում արդեն հան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն այս օրինագծով առաջարկում է ձեւավորել եւս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ: