Ես շահագրգռված չեմ հիվանդանոցների մասնավորեցման հարցում։ Այս մասին հունիսի 9-ին Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը՝ 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրի երկրորդ ընթերցման ժամանակ։
Նախօրեին «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգեսյանը Բաբլոյանին առաջարկեց հայտարարել շահերի բախման մասին եւ չմասնակցել քվեարկությանը՝ որպես «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ կապ ունեցող անձ։
Դրան ի պատասխան՝ Բաբլոյանը նկատեց, որ իրավաբանների հետ խորհրդակցել է ու պարզել, որ իր շահագրգռվածության մասին ենթադրություններ անելու հիմքեր չկան։ «Արաբկիրում» ինքը միայն գիտական ղեկավար է եւ կառավարմանը չի մասնակցում։
«Ավելի լավ է այդ մասին այժմ հայտարարել, քան լռել եւ տարբեր խոսակցությունների առիթ տալ», - հայտարարեց խոսնակը։





























