Հայաստանի վարչական քարտեզը իշխանությունները ձեւում են հանուն տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց թեկնածուների: Հունիսի 9-ին՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ:

Նախագծով առաջարկվում է գյուղական համայնքների եւս մեկ խումբ խոշորացնել: Նախկինում՝ խոշորացման առաջին փուլում, 140 համայնքներից կազմավորվեց 18-ը: Հիմա առաջարկվում է 316 համայնք միավորել 30-ի մեջ:

«Ինչ փասյանս են բացում՝ գյուղերը դնելով մերթ մի համայնքի մեջ, մերթ՝ մյուս: Դե, իհարկե, ոչ հանուն գյուղացիների օգուտի: Նրանք տարածքները պարզապես իրենց թեկնածուների համար են ձեւում: Որովհետեւ արդեն հայտնի է, թե ով է այս ընտրություններում առաջադրվելու: Իսկ իշխանությունները ցանկանում են, որ նախապես հստակվի նաեւ այն, թե ընտրություններն ինչպես կավարտվեն»,- հավելեց նա: