ԱՄՆ-ում անհայտ անձը շահել է Powerball-ի վիճակախաղում: Հաջողակի շահումը կազմել է 448 մլն դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի համաձայն՝ վիճակախաղի տոմսը ձեռք է բերվել Քալիֆորնիայի հարավում՝ մթերային խանութներից մեկում: Ըստ վիճակախաղի կանոնների՝ խանութի տերերը կստանան 1 մլն դոլարի պարգեւ:
Ինչպես հայտնել են Powerball-ի ներկայացուցիչները, այս շահումը դարձել է ԱՄՆ-ում տարբեր վիճակախաղերի անցկացման պատմության մեջ մեծությամբ 10-րդը: Ըստ կանոնների՝ շահողը կարող է ջեքփոթը 29 տարվա ընթացքում մաս-մաս ստանալ կամ միանգամից, սակայն երկրորդ դեպքում գումարը մոտ 2 անգամ փոքր կլինի: Գումարից նաեւ անհրաժեշտ կլինի հարկեր վճարել:
Ըստ վիճակախաղի պայմանների՝ Powerball-ի հաղթող է դառնում նա, ով ճիշտ է կռահում 5 սպիտակ գնդերի եւ մեկ կարմիրի թվերը, որը կրում է Powerball անվանումը: Հավանականության տեսության համաձայն՝ բոլոր 6 թվերը ճիշտ որոշելու հավանականությունը 292 միլիոնից մեկն է:




























