Արիզոնայում մասնավոր տան ավտոտնակում հայտնաբերել են ամերիկացի նկարիչ Ջեքսոն Պոլլոկի նկարը, որը կարող է արժենալ 15 մլն դոլար, հայտնում է CNN-ը։
Ըստ աղբյուրի՝ Արիզոնայի Սքոթսդեյլ քաղաքում մի տղամարդ նկարը գտել է իր սեփական ավտոտնակում ՝ հին իրերի մեջ։ Նա որոշել է դիմել մասնագետ Ջոշ Լեւինին։ Ի սկզբանե նկարը 300 դոլար էին գնահատել։ Բայց Լեւինը խոստովանել է, որ նա ուշադիր նայելուց հետո կռահել էր, որ նկարը կարող է Պոլլոկի վրձնին պատկանալ։ Նա նկարը իր մոտ էր բերել ու սկսել հետաքննություն, որը մի քանի ամիս է տեւել ու մի քանի հազար դոլարի ծախս պահանջել։ Բացի դրանից նկարը վերականգնման կարիք ուներ, քանի որ ուժեղ վնասված էր, ինչը եւս 50 հազար դոլար է արժեցել։ Սակայն Լեւինը վստահ է, որ արժեր այդքան ջանք գործադրել։ Մոտ ժամանակներս նկարն աճուրդի կդրվի։ Մեկնարկային գինը 5 մլն դոլար է, սակայն Լեւինը հույս ունի, որ այն կվաճառվի 10-15 մլն դոլարով։





























