Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Նազանի Մալխասյանը շարունակում է մնալ Գյումրիի բժշկական կենտրոնի աշխատակիցը:

Նազանի Մալխասյանի վերաբերյալ Վճռաբեկը որոշումը կայացրել է ապրիլի 28-ին, մայիսի 15-ին որոշումն էլ արդեն ուղարկվել է առաջին ատյան՝ կատարման, սակայն հիվանդանոցը մինչեւ հիմա որոշումը չի ստացել: Նշենք, որ Մալխասյանը գտնվում է արձակուրդում: Մեր տեղեկություններով, նա չվճարվող արձակուրդում է գտնվում: Ի դեպ, Մալխասյանի պաշտպան Տանյա Հակոբյանը հրաժարվում է պատասխանել հարցին՝ արդյոք Մալխասյանն արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, թե ոչ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նազանի Մալխասյանին մեղավոր էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը: Վճռաբեկն էլ իր հերթին բողոքը վարույթ չի ընդունել: