Իջեւանում աներոջը սպանելու համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Շահինյանը համաձայն չէ պատժաչափի հետ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շահինյանի պաշտպան Աշոտ Գեւորգյանը նշեց, որ մեղադրանքը պետք է վերաորակվեր. իր պաշտպանյալը դիտավորյալ սպանություն չի կատարել, անզգուշությամբ է սպանել աներոջը:
«Դատական ակտն ըհդհանրապես չհիմնավորված է, ոչ մի ապացույց չկա, որ դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել: Իմ պաշտպանյալն ի սկզբանե ասում է, որ ընդամենն ուզեցել է վախեցնել, չի ցանկացել սպանել, ինչպե՞ս կարող էր դիտավորյալ սպանել իր կնոջ հորը, երեխաների պապիկին: Սպանելու ոչ մի պատճառ չի եղել, մեղադրանքը պետք է վերաորակվեր անպայման»,- ասաց Աշոտ Գեւորգյանը:
Փաստաբանը նշեց, որ դեպքից անմիջապես հետո Արթուր Շահինյանը զանգել է կնոջը, ներողություն խնդրել եւ ասել, որ անզգուշությամբ մահ է պատճառել: Աշոտ Գեւորգյանի խոսքով՝ Շահինյանի կինը նույնպես ընդունում է, որ անզգուշություն է եղել:
«Տուժող կողմին էլ է պետք հասկանալ. կինն ամուսնուն է կորցրել, բայց իմ պաշտպանյալն ասում է՝ պատժեք ինձ իմ արածի համար, ոչ թե դիտավորյալ սպանության համար: Դատարանը պետք է պարզեր հանցագործության դրդապատճառը, բայց սպանելու պատճառ չի եղել, ընդամենը ցանկացել է վախեցնել, որ իր կնոջ ու մոր հասցեին վիրավորական հայտարարություններ չաներ»,- ասաց փաստաբանը:
Արթուր Շահինյանը դեռ չի որոշել՝ բողոքարկելու են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, թե ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. օգոստոսի 16-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջեւանի հուշաղբյուրներից մեկի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։ Ի դեպ, սպանվածն աշխատում էր ջրամբարում եւ աշխատանքի գնալիս է եղել, երբ փեսան հետապնդել եւ սպանել է նրան:
Արթուր Շահինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:





























