Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքների նախագծերի փաթեթը, որն ընդգրկում է մոտ 50 օրինագծեր, խմբագրվել է եւ հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը՝ երկրորդ ընթերցմամբ հաստատելու համար։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին լրագրողներին տեղեկացրեց ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանը սույն փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել է 2010 թ. հունիսին։
Թամազյանի խոսքով՝ օրենքների փաթեթը լայնորեն քննարկվել է խորհրդարանական հանձնաժողովներում, հասարակական կազմակերպությունների, լրագրողների, արհմիությունների հետ։ Քննարկումների արդյունքում ստացվել է մոտ 200 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է:
Մասնավորապես, նոր տարբերակում հստակ սահմանազատված են կետերը, որոնք վերաբերում են պարտադիր եւ կամավոր կուտակային կենսաթոշակներին, կարգավորվել է վճարումների գործընթացը մի քանի գործատուների մոտ աշխատող անձանց դեպքում: Օրինակ՝ եթե անձն աշխատում է մի քանի վայրում, ապա պետությունը նրա օգտին աշխատավարձի 5 տոկոսը կփոխանցի միայն 1 դեպքի համար։
Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 1-ից մինչեւ 40 տարեկան աշխատողները իրենց աշխատավարձից պարտադիր կարգով 5 տոկոս կփոխանցեն կենսաթոշակային կուտակային հաշվին, եւս 5 տոկոս, բայց ոչ ավելի 25 հազ. դրամից, կփոխանցի պետությունը:




























