Կառավարության ծրագիրը Ազգային ժողով ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն կանի, թե երբ է նշանակվում ծրագիրը քննարկելու օրակարգով արտահերթ նիստը:
«Առաջին նստաշրջանը դեռ չի ավարտվել, օրակարգի վեցերորդ հարցը՝ Կառավարության ծրագիրը, դեռ չի քննարկվել, այսինքն առաջին նստաշրջանի վերջին հարցը կուսումնասիրվի, երբ կուղարկեն Կառավարության ծրագիրը»,- NEWS.am-ին ասաց Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Չի բացառվում, որ Կառավարության ծրագրի քննարկումը սկսվի հունիսի 21-ին:
Նշենք, որ Կառավարության արտահերթ նիստում այսօր՝ հունիսի 19-ին, հաստատվել է Կառավարության ծրագիրը, որը կներկայացվի ԱԺ: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի եւ կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական եւ ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:





























