ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվում է Հայաստանի անտառների կառավարման միասնական մոդել, ըստ որի թե բնության հատուկ պահպանվող, եւ թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառային տարածքները պետք է կառավարվեն մեկ կենտրոնից: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ‹‹Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ այցի ժամանակ:
Թո որն է լինելու այդ միասնական մարմինը, դեռ հստակեցված չէ: Բնապահպանության նախարարի խոսքով՝ հստակ է գլխավոր սկզբունքը՝ էկոհամակարգային մոտեցումը եւ պատասխանատվությունը բոլոր տեսակի անտառների համար պետք է լինի նույնը:
«Եթե բնապահպանական տեսչական մարմինը տեղափոխվի կառավարություն, ապա տրամաբանական է, որ ամբողջ կառավարումն իրականացնի բնապահպանության նախարարությունը: Եթե, այնուամենայնիվ, տեսչական լիազորությունները մնան մեզ մոտ, կարող է խնդիր առաջանալ, որ բնապահպանության նախարարությունը չզբաղվի ուղիղ կառավարմամբ, այլ իրականացնի բացառապես վերահսկողական գործառույթ: Բոլոր դեպքերում, ստեղծվելիք միասնական կառույցը պետք է ունենա պատասխանատվություն լիարժեք ներդնելու էկոհամակարգային մոտեցումը, իսկ անտառ հատելը պետք է լինի ամենավերջին կետում», - նշեց Արծվիկ Մինասյանը եւ հավելեց, որ պետք է իրականացվի նաեւ անտառափայտի պահանջարկի լիարժեք ուսումնասիրություն:
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ անտառների կառավարման համար անհրաժեշտ է ստեղծել առանձին պետական կոմիտե: «Անտառները պետք է լինեն բացառապես պետության սեփականությունը, միավորվեն եւ ընդգրկվեն մեկ համակարգում, քանի որ, իրոք, Հայաստանում անտառները խնամքի ու պահպանության կարիք ունեն: Տեսեք այսօր ինչ է կատարվում. լավորակ ծառատեսակը գնում է ավելի հասարակի, հիմնականում գլուխ է բարձրացնում բոխին: Կաղնին, հաճարենին հատվում են, քանի որ թանկարժեք բնափայտ ունեն: Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ եզրային մասերում անտառներ կան, բայց կենտրոնական մասում հոշոտված են: Այնտեղ, որտեղ ճանապարհներ կան, եւ փայտանյութի տեղափոխման հարցը լուծված է, անտառները հատվում են:
Մի կողմից կառավարությունը «Հայանտառ»-ին ասում է՝ հատիր, որ կարողանաս ապրել, մյուս կողմից հանցավոր, ապօրինի հատումները: Նման թույլ կառավարումը բերելու է անտառների քայքայմանը», - նշեց Հակոբ Սանասարյանը:
Բնապահպանն անդրադարձավ հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող անտառների կառավարմանը՝ նշելով, որ ներկայում դրանք դրված են առեւտրային հիմքի վրա: «Այսօր հատուկ պահպանվող տարածքում կառուցապատման իրավունք են տալիս, օրինակ բերեմ «Դիլիջան» ազգային պարկը, այն, ինչ կատարվեց Գոշ լճի տարածքում: Չի կարելի անտառային տարածքում կառուցապատման իրավունք տալ, սա տանում է անտառների սեփականաշնորհմանը: Անտառները պետք է լինեն բացառապես պետության մենաշնորհը, կառավարությունը` ինքը, պետք է ցանկանա անտառ ունենալ եւ լիարժեք գումարներ տրամադրել անտառների պահպանման եւ վերականգնման համար», - շեշտեց բնապահպանը:





























