ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի հաղորդման հիման վրա:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծեծի եւ դանակահարության մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 05.01.2017թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետի տեղակալն իրենից պահանջել է ներկայացնել որպես հանցագործության գործիք կիրառած դանակը, սակայն մերժում ստանալով, հայհոյել է իրեն եւ հարվածել դեմքին: Այնուհետեւ, ըստ հաղորդման, հիշյալ պաշտոնյան կանչել է ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների, ովքեր վերջինիս հանձնարարությամբ ծեծի են ենթարկել Ս. Ա.-ին:

Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: