Ինչու Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու հարցը չի քննարկվել Երեւանի ավագանիում սահմանված ժամկետներում եւ երբ է այն քննարկվելու: Նման բովանդակությամբ նամակ է հղել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին մշտապես պատմենք, հիշեցնենք նման հերոսների մասին: Սակայն անհասկանալի կերպով արդեն տեւական ժամանակ է, ինչ ձգձգվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի անվանակոչումը: Այդ հարցով ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը նախորդ գումարման ավագանին անժամկետ հետաձգվել է:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով եւ «Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի» 25-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանած կարգով քաղաքացիական նախաձեռնությունը հունվարին 8932 (ութ հազար ինը հարյուր երեսուներկու) ստորագրություն է ներկայացրել ավագանուն՝ «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու» հարցով:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ Ձեզ տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու սույն նախաձեռնության կողմից բարձրացված հարցը չի քննարկվել ավագանիում սահմանված ժամկետներում, երբ է այն ներկայացվելու ավագանու նիստում եւ ինչ փուլում է գտնվում տվյալ հարցի քննարկումը»: