ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր՝ հունիսի 21-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը եւ միջանկյալ արդյունքները:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին:

Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նախագահին ներկայացրել է մշակված նախագծերի հիմնական նորամուծությունները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության լիազոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը եւ լիազորություններին վերաբերող հարցերը:

Խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների կենսագործման շրջանակներում հանրային ծառայության համակարգի բարեփոխման եւ դրա արդյունավետության բարձրացման կարեւորությունը:

Ներկայացված նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քննարկման արդյունքում աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ժամանակ ձեւավորված մոտեցումներն ու հնչած առաջարկությունները: