Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 22-ին, շարունակվեց դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու, ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատական նիստը:
Արդեն 4-րո դատական նիստն է՝ շարունակվում է գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանի հարցաքննությունը: Մինչեւ դա՝ Իշխան Բարսեղյանը փորձեց հայտարարություն անել, բայց դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալը կարող է միայն հարց տալ: Իշխան Բարսեղյանը, այնուամենայնիվ, միջնորդեց զննել վկային եւ պարզել՝ արդյոք տեխնիկական միջոցներ կան իր մոտ, թե ոչ:
«Հնարավոր է նրա մոտ լինեն տեխնիկական միջոցներ, որովհետեւ չի բացառվում, որ նրան ուղղորդում են»,- ասաց Իշխան Բարսեղյանը՝ նշելով, որ իր մոտ կասկած է հարուցում նախորդ երեք նիստերում հնչեցված հարցերն ու դրանց տրված պատասխանները:
Պաշտպանական կողմը խնդրեց 5 րոպե ընդմիջում հայտարարել՝ իրենց պաշտպանյալի հետ քննարկելու միջնորդությունը: Մեղադրողն առարկեց: Դատավորն Իշխան Բարսեղյանին խնդրեց այն որպես հարց տալ վկային: Նորիկ Հակոբյանը հայտարարեց, որ իր մոտ տեխնիկական սարքավորում չկա:
Ամեն դեպքում դատարանը, լսելով պաշտպանական կողմին, 5 րոպե ընդմիջում հայտարարեց:
Նշենք, որ նիստն ընթանում է ապակեպատ դահլիճում եւ ինչպես միշտ, ձայնն ամբողջությամբ լսելի չէ:
Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:





























