Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 22-ին, ավարտվեց դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու, ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանի հարցաքննությունը:

Նորիկ Հակոբյանն արդեն 4-րդ նիստն էր՝ հարցաքննվում էր: Այսօր ըստ էության նոր հարցեր չհնչեցին: Հարցաքննության ավարտին ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կան:

«Այս պահին նկատի ունենալով, որ փաստական տվյալները հետազոտված չեն եւ դրանց հետազոտումից հետո մենք վստահաբար միջնորդելու ենք, որ հարցաքննվի կրկին Նորիկ Հակոբյանը, մենք այժմ ձեռնպահ ենք մնում միջնորդելուց, որ հրապարակվեն նախաքննական ցուցմունքները, միայն նշենք, որ էական հակասություններ են առկա»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:

Պաշտպանին միացավ նաեւ Իշխան Բարսեղյանը: Նա միջնորդեց, որ վկան դատարանի դահլիճում ներկա չգտնվի, քանի որ հետագայում նա անպայման հարցաքննվելու է: Դատարանը խնդրեց Նորիկ Հակոբյանին չմնալ դահլիճում եւ հեռանալ:

Դատական նիստը շարունակվում է:

Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: