Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 22-ին, հրապարակվեց դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու, ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով վկա Հռիփսիմե Գեւորգյանի նախաքննական ցուցմունքը:

Հռիփսիմե Գեւորգյանը դատարան գրություն էր ուղարկել, որ գտնվում է արտերկրում ուսումնառության նպատակով եւ չի կարող մասնակցել դատական նիստին եւ ցուցմունք տալ: Գեւորգյանը խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ Հռիփսիմե Գեւորգյանն Իշխան Բարսեղյանի նիստերի քարտուղարն էր:

Իր նախաքննական ցուցմունքում Հռիփսիմե Գեւորգյանը պատմել էր, որ 2016թ. հոկտեմբերի 27-ին սովորականի նման եղել է աշխատանքի, Իշխան Բարսեղյանը նիստեր ուներ նշանակած առավոտյան ժամը 10:00-ից:

«Այդ ժամին հաստատ հիշում եմ, որ ժամը 10:00-ին նիստ է ունեցել պարոն Բարսեղյանը: Ժամը 14:00-ին նորից իջանք նիստերի դահլիճ, կարճ նիստ տեղի ունեցավ, որից հետո ես վերադարձա գրասենյակ, իսկ պարոն Բարսեղյանը մնաց դահլիճում: Մոտ 10 րոպե հետո ինձ զանգեց պարոն Բարսեղյանը, ուզեց Նորիկ Հակոբյանի գործը, ես տարել եմ դահլիճ, բայց տեղյակ չեմ, թե ինչի ուզեց գործը: Դահլիճում մարդիկ կային, որոնց չեմ ճանաչում եւ այժմ չեմ հիշում նույնիսկ՝ կանայք էին, թե տղամարդիկ»,- նախաքննության ընթացքում պատմել էր Հռիփսիմե Գեւորգյանը:

Վկան պատմել է նաեւ, որ հոկտեմբերի 27-ին Նորիկ Հակոբյանի գործով նիստ չի եղել նշանակված, այն պետք է կայանար հոկտեմբերի 30-ին: Հարցին, թե փաստաբան Էլզա Զաքարյանին ճանաչում է, նիստերի քարտուղարը պատասխանել էր, որ ինքը նման փաստաբանի չի ճանաչում:

Դատական նիստը շարունակվում է: Վկաների հարցաքննությունն այսքանով ավարտվեց:

Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: