Կառավարության նոր ծրագրում որոշ փաստեր են բարձրաձայնվում, բայց դրանք շատ աննշան են: Այս ծրագիրը, ի տարբերության 9-ամսյա վաղեմության իրադարձությունների, հանրության կողմից լիակատար անտարբերությամբ է ընդունվել: Այս մասին հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով` ի տարբերություն նախորդ տարիների ծրագրերի, այս տարվա ծրագիրը ավելի զուսպ է: Ծրագրի հիմնական թերությունը Ասատրյանը համարում է չափազանց ցածր ցուցանիշները, մասնավորապես` տնտեսական աճի 5 տոկոս միջին ցուցանիշը բավարար չէ զարգացման եւ երկրի ներքին խնդիրների լուծման համար:

«Կառավարության 2012-2017 թվականների ծրագրով աճը պետք է կազմեր 5-ից մինչեւ 7 տոկոս: Սակայն իրականում կազմել է ընդամենը 2,4 տոկոս, իսկ 2008-ից 2016 թվականների ժամանակահատվածում գրանցվել է ՀՆԱ-ի գրեթե 10 տոկոսով կրճատում»,- նշեց Բագրատ Ասատրյանը` հավելելով, որ եթե ներկայիս միտումները շարունակվեն, քաղաքացիների կյանքը կարող է զգալիորեն վատթարանալ` նույնիսկ նախորդ տարիների համեմատությամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 22-ին 64 կողմ եւ 31 դեմ ձայներով հավանություն տվեց կառավարության 2017-2022 թվականների ծրագրին: Կողմ են քվեարկել Հանրապետական եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, դեմ` «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքի պատգամավորները: