12500 համերգ՝ 5 մայրցամաք, 90 երկիր։ «Սուխիշվիլի» բալետին 60 մլն մարդ է ծափահարել։ Վրացական անսամբլի ելույթը դիտել են Ֆիդել Կաստրոն, Սերժ Լիֆարը, Բրիջիտ Բարդոն ու Դանիայի արքայազն Քնուդը։
Նշանավոր Իլիկո Սուխիշվիլու ու Նինո Ռամիշվիլու կողմից 1945-ին ստեղծված բալետը պատմության մեջ առաջին ազգային պարի անսամբլն էր, որին հնարավորություն է տրվել ելույթ ունենալ միլանյան La Scala օպերային թատրոնի բեմին, 1967 –ին։ Համերգից հետո վարագույրը 14 անգամ բարձրացվել է՝ դառնալով նոր համաշխարհային ռեկորդ։ Էնրիկե Կարուզոյի ելույթից հետո վարագույրը 11 անգամ էր բարձրացել։
Նյու Յորքում մեծ հյուրախաղերի ժամանակ արտիստների ելույթը ճանաչվել է Բրոդվեյում ցուցադրված լավագույն շոուն։
Այսօր կոլեկտիվի համար պատասխանատու են հիմնադիրների թոռները՝ գլխավոր պարուսույց Իլյա Սուխիշվիլին ու բեմական հագուստի նկարիչ ու անսամբլի տնօրեն Նինո Սուխիշվիլին։ NEWS.am-ը ներկայացնում է Նինո Սուխիշվիլու հետ հարցազրույց, որում նա կպատմի այն մասին, թե ինչպես կարելի է հայտնվել անսամբլում, որքան արժե բեմական հագուստ կարելը ու ինչպես են արտիստները արձագանքում քաղաքական գործընթացներին։
Ասում են՝ նկարել կարող է սովորել ցանկացած մարդ։ Իսկ պարե՞լ:
Նույնն է: Բայց դրանով պրոֆեսիոնալ զբաղվելու համար պետք է որոշակի հատկանիշներ ունենալ ՝ կատարողական վարպետություն, լսողություն, ճկունություն, երաժշտությանը համահունչ շարժվելու ունակություն։
Ինչպե՞ս կարելի է հայտնվել անսամբլում, որո՞նք են ընտրության չափանիշները:
Բացի այն ամենից, որ ես թվարկեցի, շատ կարեւոր են արտաքին տվյալները, մանավանդ՝ աղջիկների դեպքում։ Բեմը սիրում է գեղեցիկ մարդկանց։
Հաստիքային պարողների համար հասակի ու քաշի չափորոշիչներ սահմանվա՞ծ են:
Ո՛չ, նրանք պետք է գրավիչ տեսք ունենան, այդքանը բավական է։ Որպես կանոն՝ մենք մեր մշտական կազմի համար ընտրում ենք մեր դպրոց-ստուդիայի պատանիներին, որտեղ երեխաներին ընդունում ենք 6 տարեկանից։ Սակայն մեզ մոտ են գալիս նաեւ արդեն պարող պատանիներ: Նրանք նախապատրաստական դասընթաց են անցնում, իսկ հետո նրանց փոխադրում ենք պրոֆեսիոնալ պարախումբ։
Ի դեպ, Վրաստանի ազգային անսամբլում միայն վրացինե՞ր են պարում։
Հիմնականում այո, բայց դրանում որեւէ դիտավորություն չկա։ Մենք ազգային անսամբլ ենք, բայց դա չի նշանակում, որ միայն վրացիներին ենք ընդունում։ Եթե որեւէ տաղանդավոր երիտասարդ, բայց այլ ազգության ներկայացուցիչ, ցանկանա մեզ մոտ պարել, ապա ոչ մի խնդիր չի լինի։
Ընդհանուր քանի՞ պարող կա կոլեկտիվում։ Կասե՞ք ամենաերիտասարդ ու ամենատարեց պարողների տարիքը։
Կոլեկտիվում շուրջ 100 պարող կա։ Գուցե քիչ ավելին, քանի որ մենք ունենք սովորողների խումբ, նրանք դեռ հաստիքում չեն, բայց աշխատում են մեզ հետ։ Ամենաերիտասարդը մոտ 18 տարեկան է, ինչ վերաբերում է ամենատարեց պարողներին, ապա կան պարողներ, որոնք 40-ն անց են։
Իսկ ո՞ր տարիքից է պարողը հեռանում բեմից:
Գիտեք, դա շատ անհատական հարց է։ Բեմում ե՛ւ 40-ամյա, ե՛ւ 20-ամյա պարուհին նույն տեսքն ունեն, այնպես որ՝ արտաքինը խնդիր չէ։ Սակայն մեկն ի վիճակի է պարել նաեւ 44 տարեկանում, իսկ մյուսը 35-ից հեռանում է։ Դա կախված է առողջական վիճակից, պրոֆեսիոնալիզմից, անձնական հանգամանքներից, այնպես որ՝ դժվար է ասել որոշակի տարիք, թե երբ են պարողները լքում մեծ բեմը։
Իսկ ինչի՞ համար Դուք կարող եք աշխատանքից հեռացնել պարողին։ Նման դեպքերը հաճախակի՞ են։
Կարգուկանոնը շատ կարեւոր է մեր կոլեկտիվում։ Դա դեռ տատիկ պապիկից է եկել։ Ամեն ինչ պարզ է. նման մեծ կոլեկտիվ կառավարելն անհնար է, եթե չլինի կարգուկանոն։ Իսկ եթե կարգուկանոն չեղավ, որակ էլ չի լինի։ Համապատասխանաբար, ուշ քնելը, փորձերից ուշանալը, հյուրախաղերի ժամանակ ոգելից խմիչք օգտագործելն արգելվում է։
Ինչ վերաբերում է աշխատանքից հեռացնելուն, ապա մենք հազվադեպ ենք այդ քայլին դիմում։ Իհարկե, եթե պարողը խախտում է կարգուկանոնը, մենք նրան պատժում ենք։ Օրինակ՝ հյուրախաղերից տուն ենք ուղարկում կամ էլ մեզ հետ չենք տանում հաջորդ հյուրախաղերին, տուգանում ենք։ Բայց ուղղվելու հնարավորություն միշտ կա։
Պարողներին ծխել թույլատրվո՞ւմ է:
Այո՛, մենք թույլատրում ենք։ Դա յուրաքանչյուրի անձնական գործն է։
Պարապմունքը միջինը որքա՞ն է տեւում:
Այն սկսվում է առավոտյան ժամը 11-ին ու ավարտվում կեսօրից հետո 4-5-ին։ Բայց երբ աշխատում ենք նոր ծրագրի վրա, կարող ենք մինչեւ ուշ գիշեր մնալ դահլիճում։ Այնպես որ՝ գիտենք, թե երբ է սկսվում փորձը, բայց թե երբ այն կավարտվի, միայն գլխավոր պարուսույցը գիտի։
Ինչպե՞ս են կառուցվում հարաբերություններ կոլեկտիվի ներսում։ Այդ ասպարեզին բնորոշ գժտություններ՝ պարտիաների բաժանման հետ կապված, առաջանո՞ւմ են ու ինչպե՞ս եք կարգավորում դրանք։
Մեր կոլեկտիվում առողջ մթնոլորտ է ձեւավորվել, ինչն ինքնին հազվագյուտ երեւույթ է թատերական ու բալետի աշխարհում։ Պարտիաների բաշխման հարցում կոնֆլիկտներ չեն լինում։ Բանն այն է, որ մեզ մոտ շատ են մենակատարները։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է պարել մյուսի պարտիան ու փոխարինել մյուսին։ Մենք տարիներով կառուցել ենք այդ մարտավարությունը։
Իհարկե, պարողների միջեւ որոշակի բաժանում կա։ Ոչ բոլորը կարող են պարել մատների վրա, ոչ բոլորն ունեն «ծունկ», ինչպես մենք ենք ասում, այսինքն՝ ոչ բոլորը կարող են ընկնել ու պտտվել ծնկների վրա։ Ավելի ճիշտ՝ բոլորը կարող են, բայց կան պարողներ, որոնք դա բարձր մակարդակի վրա են անում։ Բայց նրանք էլ ոչ թե մեկ-երկուսն են, այլ ավելի շատ։
Դուք ելույթ եք ունենում Երեւանում...
...ամեն տարի:
Այս անգամ քանի՞ բեմական հագուստ եք բերել:
Մենք այստեղ մոտ 50 պարողով ենք, յուրաքանչյուրի համար 8-10 բեմական հագուստ է հաշվարկված, այսինքն՝ մոտ 500։
Իսկ միջինն ի՞նչ արժե մեկ բեմական հագուստ կարելը:
Կան հին բեմական հագուստներ, որոնք Մեծ թատրոնի արտադրամասերում մեզ համար կարել էր մեծանուն թատերական նկարիչ Սողոմոն Բագրատի Վիրսալաձեն կամ, ինչպես մենք էինք նրան անվանում, Սոլիկո Վիրսալաձեն։ Նա մեր անսամբլի հետ է եղել ստեղծման օրվանից մինչեւ իր մահը։ Նրա ստեղծած կոստյումներից մի քանիսը մենք այսօր էլ ենք օգտագործում։ Շատ խնամքով ենք դրանց վերաբերվում, մշտապես վերանորոգում ենք, դրանք բոլոր իմաստներով շատ թանկարժեք են։ Դժվար է ասել, թե դրանք ինչ արժեք կարող են ունենալ։
Այլ բան են այն կոստյումները, որոնք մենք վերջին 20-25 տարիներին ենք կարում։ Յուրաքանչյուրի գինը կախված է նյութի որակից ու քանակից, նրանից, թե ով է նկարել կամ կարել դրանք։ Միջինը յուրաքանչյուր կոստյում 200-800 դոլար է արժենում։
Խանդով չե՞ք վերաբերվում այն կոստյումներին, որոնք ժամանակին Դուք եք հագել, իսկ հիմա՝ ուրիշները։
Ո՛չ, քանի որ չկա «իմը» հասկացություն, կա միայն «մերը»:
«Սուխիշվիլի» անսամբլը պաշտոնապես գոյություն ունի 1945-ից, այսինքն՝ ավելի քան 70 տարի։ Ինչպե՞ս է հաջողվում այսքան տարի մնալ բեմում։
Մենք ձգտում ենք ժամանակին համընթաց քայլել, այսինքն՝ նոր կոմպոզիցիաներ մատուցել, ստեղծել նոր խորեոգրաֆիա, որը համապատասխանում է հանդիսատեսի պահանջներին։ Հենց դրա համար էլ, կարծում եմ, մեր անսամբլն այսքան տարի գոյություն ունի: Ավելին՝ հյուրախաղերով շրջում է ամբողջ աշխարհում։ Դա խոսում է այն մասին, որ վրացական պարը մնում է նորաձեւ։
Ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկի մեջ տեսնո՞ւմ եք այնպիսի մարդու, ով կշարունակեր ձեր գործը:
Ո՛չ ես, ո՛չ եղբայրս երիտասարդ տարիներին չենք մտածել, որ կշարունակենք Սուխիշվիլիների գործը։ Դա ինքնաբերաբար է տեղի ունեցել։ Մեզ ոչ ոք չի ստիպել ու չի պատրաստել որպես անսամբլի ժառանգորդներ։ Մենք ինքներս ենք հանգել դրան։ Դա շատ բարդ ճանապարհ է։ Ես ու Իլիկոն չենք կարող ստիպել, որ որեւէ մեկը գնա այդ ուղով։ Եթե մեր ապագա սերունդը՝ Սուխիշվիլի-Ռամիշվիլի չորրորդ սերունդը, ցանկանա շարունակել մեր գործը, շատ ուրախ կլինենք, իսկ եթե ոչ, ապա ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ Սուխիշվիլին արդեն ապրանքանիշ է, մասնագիտություն է։ Այս անսամբլը միշտ էլ գոյություն կունենա ու մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ ազգանունը երբեք չիջնի պաստառներից։ Դա մեր պապի խնդրանքն է։
Դուք ասացիք, որ բարդ ճանապարհ եք անցել։ Գուցե ինչ-որ բան եք ստիպված եղել զոհաբերել...
Ես չէի ասի, որ ինչ-որ բան եմ զոհաբերել, քանի որ ինձ համար իմ աշխատանքը միայն պարը չէ: Այն ամենն, ինչ մենք անում ենք, անում ենք հայրենիքի հանդեպ մեր սիրուց։ Ես ինձ համարում եմ հայրենասեր, այս գործը համարում եմ հայրենասիրական գործ, քանի որ մենք վրացական արվեստն ու մշակույթն ենք ներկայացնում ամբողջ աշխարհին։ Բացի այդ՝ մենք պահպանում ու զարգացնում ենք ազգային պարերը, ինչը ես համարում եմ ազգի ինքնության պահպանման ամենակարեւոր մեխանիզմներից։
Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը, ուշադրություն դարձնո՞ւմ եք, թե՞ անտեսում եք:
Եթե այն հնչում է մարդկանցից, որոնք քիչ բան են հասկանում պարերից կամ էլ չեն կարող աշխատել այն նույն մակարդակի վրա, որի վրա մենք ենք աշխատում, ապա դա ոչ թե քննադատություն է, այլ նախանձ։ Ինչ վերաբերում է առողջ ու կառուցողական քննադատությանը, այսինքն՝ իսկական պրոֆեսիոնալների տեսակետներին, որոնք, ի դեպ, սակավաթիվ են, ապա մենք լսում ենք այն։ Իսկ, ընդհանուր առմամբ, այն, ինչ դուր է գալիս մեզ, հանդիսատեսին էլ է դուր գալիս։ Ուրեմն մենք ճիշտ ուղու վրա ենք։
Անսամբլը քաղաքական գործընթացներին արձագանքո՞ւմ է։ Եթե այո, ապա ի՞նչ դիրքորոշում ունեք ռուս- վրացական հակամարտության հարցում։
Մենք 2005 թվականից հետո Ռուսաստանում չենք եղել։ Վրաստանն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Ու եթե շատերը համարում են, որ մշակույթը քաղաքականությունից հեռու է, ապա ես այլ տեսակետ ունեմ։ Ես համարում եմ, որ մշակույթն ու սպորտը նույն քաղաքականությունն են, այնպես որ՝ մենք ոչ մի ցանկություն չունենք ելույթ ունենալ մի երկրում, որը բռնազավթել է մեր տարածքի 20 տոկոսը։
Որտե՞ղ է Ձեր տունը։ Որտե՞ղ եք ապրում:
Վրաստանում, ոչ մի այլ երկրում ես չէի ցանկանա ու չէի կարողանա ապրել։
Ինչո՞ւ:
Ես շատ եմ ճանապարհորդում, եւ ինձ համար ամենահաճելին այն օրն է, երբ տուն եմ վերադառնում։ Ես ինձ տանը հանգիստ ու հարմարավետ եմ զգում։ Եվ վերջապես, այն, ինչ ես անում եմ, ոչ մի այլ երկրում չէի կարողանա անել։ Մեր հիմքն այստեղ է, մեր անսամբլն այստեղ է, հետեւաբար՝ իմ տեղն էլ է այստեղ։





























