Հունիսի 30–ին Գերմանիայի Բունդեսթագը հավանության է արժանացրել օրինագիծը, որով նախատեսվում է նույնասեռական ամուսնությունների լիակատար եւ իրավահավասար ճանաչում։ «Կողմ» է քվեարկել 393 պատգամավոր, «դեմ»՝ 226, 4 պատգամավոր ձեռնպահ է մնացել, փոխանցում է DW–ն։
Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունների դաշինքը, որոնց ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում իշխող կոալիցիայում, ավանդաբար հանդես են եկել նույնասեռական ամուսնությունների ճանաչման դեմ։ Սակայն հունիսի 26–ին դաշնային կանցլեր, ՔԴՄ նախագահ Անգելա Մերկելը հայտարարել է, որ հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի նույնասեռական զույգերի ամուսնությունը թույլատրող ապագա հնարավոր քվեարկության ժամանակ բոլոր պատգամավորներն ինքնուրույն որոշում կայացնեն՝ «խղճի մտոք», այլ ոչ թե առաջնորդվեն համակուսակցական դիրքորոշմամբ եւ հետեւելով խմբակցության կարգապահությանը։ Ըստ որում՝ ինքը Մերկելը դեմ է քվեարկել։





























