Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հնարավոր տիեզերական խորազննման նպատակը հիմնական խաղացողներին տվյալների փոխանցումն է։Այս մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ եթե տվյալ մեխանիզմը սկսի գործել եւ արդյունավետ լինի, ապա դրանով կհետաքրքրվեն նաեւ խոշոր վերնախավերը։ «Ես կարծում եմ, որ ամենաբարդը մեխանիզմի՝ միջազգային ճանաչում ձեռք բերելն է։ Քանի որ եթե հակառակորդը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել ցամաքում, հարց է ծագում՝ արդյոք նա կընդունի տիեզերքից իրեն հետեւող այդ համակարգը», - նշեց Նավասարդյանը։

Փորձագետի կարծիքով՝ նրանց համար, որոնք շահագրգռված են խաղաղություն ձեռք բերելու հարցում, դժվար է ավելի արդյունավետ նորամուծություն գտնել։ Սակայն Արման Նավասարդյանը հավելեց, որ հանցագործը ոչ մի օրենք չի ճանաչում, եւ հայկական կողմը հենց նման հակառակորդի հետ գործ ունի։

Նշենք, որ արցախյան հակամարտության գոտում տիեզերական խորազննում կիրառելու առաջարկով հանդես է եկել գեներալ Հայկ Քոթանջյանը։