Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի՝ օտարերկրյա ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու համար։ Այս մասին հուլիսի 1-ին, NEWS.am եւ aysor.am-ի թղթակիցների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։ Անդրադառնալով նրա խոստացած 8 մլրդ դոլարի ներդրումներին՝ Հայաստանի արեւային էներգետիկայի ոլորտում ու կառավարության հայտարարությանը՝ նման ներդրումների մասին որոշակի ծրագրերի բացակայության մասին՝ Միլսը նշեց․ «Այդ թիվը, մեր վերլուծություններով, վերաբերում էր էներգետիկայի, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ոլորտի հնարավոր ներդրումներին։ Մենք խրախուսում ենք այն ամերիկյան ընկերությունները, որոնք զբաղվում են քամու, արեւային, նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտներով, որպեսզի դրանք դիտարկեն Հայաստանի շուկայի ներուժն ու հնարավորությունները։ Այս պահին ես չեմ կարող ձեզ ներկայացնել որեւէ լուրջ նախագիծ, բայց մեզ ուրախացնում է այն շահագրգռվածությունը, որը մենք տեսնում ենք ամերիկյան էներգետիկ ֆիրմաների կողմից՝ Հայաստանի էներգետիկ շուկայի նկատմամբ»։

Այն հարցին՝ արդյոք նա տեսնում է Հայաստանի ջանքերը՝ այդ ներդրումները ներգրավելու հարցում, մասնավորապես հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից, դեսպանը պատասխանեց․ «Այո, Հայաստանը պետք է որոշակի քայլեր կատարի հավասար պայմաններ ապահովելու համար, որպեսզի ցանկացած ներդրող, լինի նա ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից, հայկական շուկա մտնելիս իմանա, որ իր նկատմամբ հավասար մոտեցում է կիրառվելու։ Ամերիկյան ներդրողները համարում են, որ այստեղ բիզնես բացելը շատ հեշտ է։ Հայաստանն ունի բարենպաստ պայմաններ նոր գործ սկսելու համար։ Բայց այստեղ բիզնես բացելով՝ նրանք մտահոգություն են հայտնում՝ հարկային ու մաքսային բյուրոկրատիայի, նաեւ դատարաններում հնարավոր վեճերի ժամանակ արդարացի մոտեցման կապակցությամբ։ Մենք այս հարցը քննարկել ենք վարչապետի ու նոր կառավարության հետ ու ես հավատում եմ, որ նա հստակ պատկերացնում է այդ խնդիրները ու վճռական է տրամադրված դրանք լուծելու հարցում։ Ես ողջունում եմ նրա ջանքերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը պարզաբանել էր, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտում8 մլրդ դոլարի ներդրումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե համապատասխան շուկան ամբողջովին ազատ լինի ու հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան ու Իրան։ Նրա խոսքով 8 մլրդ դոլար թիվը Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարության կողմից է հաշվարկվել։ «Դեսպանատան գնահատականները նույնպես հաստատում են, որ նման ներուժ կա»,- ասել է ԱՄՆ դեսպանը։