Հայաստանում հուլիսի 1-ին բացվել է «Տուտի Ֆրուտի» (Tutti Frutti) սառեցված յոգուրտների առաջին խանութը։

Խանութի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։ Դեսպանի համոզմամբ՝ Tutti Frutti սառեցված յոգուրտները ԱՄՆ-ում ամենահամեղ քաղցրավենիքներից են։ «Ես անձամբ շոկոլադե յոգուրտն եմ նախընտրում»,-խոստովանեց Միլսը։ Դեսպաանն ասել է, որ իրադարձությունը խորհրդանշում է  «Տաշիր գրուպ» եւ Tutti Frutti ընկերությունների միջեւ գործընկերությունը։ «Դրանք միայն սառեցված յոգուրտներ չեն։ Երեւանում խանութի բացման նպատակը նոր աշխատատեղերի ստեղծումն է, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բիզնես կապերի ամրապնդումը։ Դա Հայաստան ներդրումներ ներգրավելու ընդամենը մեկ օրինակ է»,-ընդգծեց Ռիչարդ Միլսը։

Tutti Frutti ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած բիզնես ծնվում է փոքրիկ բաներից։ «Ընկերության հիմնադիր Ջեյ Քիմը մի օր Քալիֆորնիայում փոքրիկ խանութ բացեց։ Այժմ Tutti Frutti-ն աշխարհում ավելի քան 600 խանութ ունի»,-նշեց նա։ 

Tutti Frutti Frozen Yogurt ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանն, իր հերթին, հավելեց, որ Հայաստանում ընկերության եւս երկու խանութ կբացեն, իսկ եւս մեկը ծրագրվում է բացել Վրաստանում՝ Թբիլիսիում։ 

Tutti Frutti սառեցված յոգուրտը ստեղծվել է 1970-ականներին, ԱՄՆ-ում։