ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 1-ից 2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին հեռախոսազրույց են ունեցել:
Զրուցակիցները քննարկել են գագաթաժողովի նախապատրաստությունն ու բովանդակային կողմը` Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղում անելով գրում է Trend-ը:
Սաուդաբաեւը եւ Մամեդյարովն ըդգծել են գագաթաժողովում հստակ որոշումների ընդունման կարեւորությունը, որոշումներ, որոնք ոչ միայն կսահմանեն ԵԱՀկ հետագա զարգացման հեռանկարները, այլեւ զգալի ներդրում կլինեն կազմակերպության պատասխանատվության տարածքում անվտանգության եւ համագործակցության ամրապնդման գործում:
NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 27-ին նմանատիպ հեռախոսազրույց էին ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարարն ու Կանատ Սաուդաբաեւը: Կողմերը կարեւորել էին գագաթաժողովի հաջող ու արդյունավետ անցկացումը եւ ԵԱՀկ հետագա զարգացման եւ կազմակերպության պատասխանատվության տարածքում անվտանգության եւ համագործակցության ամրապնդման համար կոնկրետ որոշումների ընդունումը:





























