ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն եւ շարունակական զարգացում:
Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել: Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին այցելության եւ շնորհավորանքի համար` նշելով, որ ուրախ ու հպարտ է Հանրապետության նախագահի հետ միասին տնկել գեղեցիկ ծիրանենին ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշանավորումն ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի եւ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի:
«Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարամյա գործընկերությունն ու անկեղծ բարեկամությունը, եւ վերջին 25 տարիների ընթացքում մենք միասին կերտել ենք ամուր կապեր դիվանագիտության, զարգացման, ռազմական, առեւտրային տիրույթներում ու մեր ժողովուրդների միջեւ: Մեր հայացքը հառելով դեպի ապագա՝ հուսով ենք, որ մեր հարաբերություններն առավել կամրապնդվեն, եւ մենք կկարողանանք առավել խորացնել հատկապես մեր առեւտրային եւ ներդրումային կապերը՝ ի շահ մեր երկու երկրների»,-ասել է դեսպան Միլսը:
Հանրապետության նախագահը եւս բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ-ի հետ ձեւավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների մակարդակը եւ ընդգծել, որ արագ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում Հայաստանը կարեւոր է համարում Միացյալ Նահանգների հետ շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են հատկապես առեւտրատնտեսական կապերի խորացմանը՝ քննարկելով առկա ներուժը, այդ ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներն ու զարգացման հեռանկարը:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության, այդ թվում՝ ս.թ. ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:































