Անգլիայի Ուորքշիր կոմսության Ռոյալ Լեմինգթոն Սփա քաղաքում ազատել են աղվեսին, որը խցանվել էր տապանաքարերի միջեւ ընկած փոքրիկ տարածքում։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով UPI-ն։
Կենդանին նստել էր գերեզմանին, երկու տապանաքարերի մեջտեղում։ Աղվեսը դունչը խցկել էր տապանաքարերի միջեւ գոյացված փոքրիկ անցքը։ Անցորդներից մեկը դեպքի մասին հայտնել է Կենդանիների հետ դաժան վերաբերմունքը կանխելու արքայական հանրությանը։
«Այնքան էլ պարզ չէ՝ ինչպես է նա կարողացել այնտեղ հայտնվել եւ որքան ժամանակ է այնտեղ անցկացրել, սակայն ակնհայտ է, աղվեսը դժվարին կացության մեջ էր։ Մեզ զանգահարել են առավոտյան 11։00-ին, իսկ աղվեսները գիշերային կենդանիներ են։ Հավանաբար, այնտեղ է եղել գիշերվանից»,-ասել է Հանրության տեսուչ Ջորջիա Մաքորմիքը։
Մաքորմիքը կարողացել է ազատել գիշատչին։





























