Սաունդթրեքներով զբաղվելու ցանկությունը երկար ժամանակ եմ հաղթահարել: Այս մասին Lenta-ի հետ հարցազրույցում հայտարարել է System Of A Down-ի մենակատար Սերժ Թանկյանը:

Նրա խոսքով` այս գործի համար փորձառու դառնալու համար շատ ժամանակ է պահանջվել: «Սա միանգամայն այլ աշխարհ է, քան խմբում եղածը, որտեղ մենք ալբոմներ էինք ձայնագրում, շրջագայությունների մեկնում եւ այլն: Այստեղ դու պետք է որոշակի չափով դասականի աշխարհ մեջ խորասուզվես: 2009 թվականին, երբ ստեղծեցի Elect The Dead սիմֆոնիան, դա իմ երգերը նվագախմբի համար փոխադրելու առաջին հնարավորությունն էր: Այդ պահից ի վեր ես գրել եմ Orca սիմֆոնիան, աշխարհով մեկ ուղեւորվել, նվագախմբի հետ 2 հազար շոու իրականացրել: Եվ սա աստիճանաբար ինձ կինեմատոգրաֆին է տրամադրել:

Վերջին 7-8 տարիներին ես ցանկանում եմ հատկապես կինոյով զբաղվել: Ինչպես հիշատակեցիք, իմ առաջին փորձը «1915»-ն էր, այնուհետեւ «Վերջին բնակիչը», իսկ հետո` «Կատաղին» (արեւմտյան վարձույթում այսպես կկոչվի «Լեգենդ Կոլովրատի մասին»-ը) նախաձեռնելուց անմիջապես առաջ ես երաժշտություն գրեցի «Կործանելու մտադրություն» ժապավենի համար: Սա Ջո Բերլինգերի շատ հզոր վավերագրական ֆիլմն է Հայոց ցեղասպանության ժխտման մասին: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլին` Թրայբեքի փառատոնում:

Վերջին 7 ամիսներին ես աշխատել եմ 2 ֆիլմերի վրա եւ ցանկանում եմ ավելի շատ աշխատանքներ ունենալ: Ես զգում եմ, որ սա հիմա իմ, որպես արտիստի, գլխավոր ուղղությունն է: Սա ինձ ուսումնասիրելու նոր տարածքներ է տրամադրում, հետազոտելու նոր նյութ, նոր երաժշտություն:

Այս ֆիլմի համար թեմաներ ձայնագրելիս աշխատել եմ ժողովրդական գործիքների կատարողների, Թուվայից կոկորդային երգի վարպետների, կենդանի նվագախմբի հետ, ինքս էլ բազմաթիվ գործիքների վրա եմ նվագել: Սա շատուշատ բաների փունջ է` մարդկանց հետ փոխազդեցություն, կատարում, փորձեր, ժամադրություն, մոնտաժ: Եվ ինչքան նոր բան սովորեցի»,- նշել է Թանկյանը:

Ի պատասխան այն հարցին, թե կինոերաժշտության մեջ ի՞նչն է կարեւոր համարում, Թանկյանը նշել է, որ գլխավորն այն է, ինչ կինոն է պահանջում: «Այն, ինչ հատկապես ես եմ ցանկանում, տվյալ դեպքում կարեւոր չէ: Այսինքն` կարեւոր է, սակայն մինչեւ որոշակի աստիճան` քո օրիգինալությունն արժեքավոր է այն աստիճանով, որքանով հօգուտ ֆիլմի է:

Ինձ դուր է գալիս այս զբաղմունքի բազմազանությունը: Այ, օրինակ, նախորդ ֆիլմը` «Կործանելու մտադրություն»-ը, այն միանգամայն տարբերվում է նրանից, ինչ հիմա եմ անում: Այնտեղ մեծ թվով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ կենդանի գործիքներ կային. ուդ, դուդուկ: Այսինքն` դա շատ ժամանակակից երաժշտություն էր եւ դրա հետ մեկտեղ` ընդգծված հայկական ավանդական թեմայով: «Լգենդ Կոլովրատի մասին» ֆիլմը էպիկական գործիքավորում է: Իսկ «Վերջին բնակիչը» ժլատ, մինիմալիստական էմբիենթ էր` գումարած էթնոս:

Ինձ համար լավագույնը կլիներ նման հզոր ձայնային լիցքից հետո կամերային հնչողությանն անցնելու հնարավորությունը` դաշնամուր եւ կվարտետ, այնուհետեւ էլեկտրոնիկա, ջազ, ռոք եւ այլն: Ինձ համար կատարյալը բազմակերպ լինելն է: Նույնը վերաբերում է իմ ձայնագրած ալբոմներին` այստեղ եւ ծանր հնչյուններ կան, եւ ջազ, եւ ֆյուժն եւ այլն: Ըստ էության ես պարզապես շարունակում եմ անել այն, ինչը այսպես թե այնպես կանեի, ուղղակի հիմա դա անում եմ ֆիլմերի համար»: