Պերուում գիտնականները 3D տպիչի միջոցով վերականգնել են կնոջ դեմքը, որը ենթադրաբար հզոր քաղաքական գործիչ ու կրոնական առաջնորդ է եղել, փոխանցում է BBC-ն։
Լեդի Կաոն, որին նաեւ անվանում են Լատինական Ամերիկայի Կլեոպատրա, Մոչե մշակույթի կրողն է եղել (Պերուի հյուսիսում) եւ մահացել է շուրջ 1700 տարի առաջ։ Նրա մասունքները հայտնաբերվել են 2006 թվականին։
Պարզվել է, որ կինը մահացել է 20 տարեկանում՝ հավանաբար հղիության կամ ծննդաբերության ժամանակ բարդությունների պատճառով։ Նրա ոտքերը, ոտնաթաթերն ու դեմքը պատած են կախարդական խորհրդանիշերի դաջվածքներով՝ օձերի ու սարդերի։
Գիտնականները կարողացել են վերականգնել Լեդի Կաոյի դեմքը՝ վերլուծելով գանգի ու մասունքների կառուցվածքը։
Լեդի Կաոն հուղարկավորվել է թագով։ Նրա դամբարանում հարստությունն ու իշխանությունը խորհրդանշող բազմաթիվ այլ իրեր են հայտնաբերվել։ Ըստ երեւույթին՝ նա կարող էր լինել քրմուհի կամ քաղաքական գործիչ։





























