Հայաստանում իշխանությունները բետոնե մայրուղի են կառուցում, իսկ եթե այն 3 տարի անց կրկին շարքից դուրս գա՞։ Այս մասին հուլիսի 6-ին Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ 2016 թվականի Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ազգային ժողովի խնդիրը թվերի սյունյակները լսելը, կառավարությանը շնորհակալություն հայտնելն ու ցրվելը չէ։ Պետք է համոզվել ծախսվող միջոցների արդյունավետության մեջ։
«Օրինակ՝ մենք կառուցում ենք «Հյուսիս-հարավ» մայրուղին, դրա համար վարկեր ենք վերցրել։ Մենք պետք է իմանանաք՝ արդյո՞ք այդ մայրուղին կծառայի, որքան անհրաժեշտ է, թե 3 տարի անց կրկին շարքից դուրս կգա, ինչի համար երկու անգամ ավելի վարկեր պետք է վերցնենք»,-հստակեցրեց Փաշինյանը։
Դրան Վերահսկիչ պալատի ղեկավար Լեւոն Յոլյանը պատասխանեց, որ 2016 թվականին «Հյուսիս-հարավ» ճանապարհային աշխատանքները չեն ստուգվել, ստուգումներ նախատեսված չեն նաեւ 2017 թվականին։ «Բայց ես կիսում եմ ձեր մտահոգությունը, եւ մենք այս տարվա մեր աշխատանքներում նախատեսում ենք քննարկել նման ստուգումների անհրաժեշտությունը», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» բետոնե ավոտմայրուղու առաջին հատվածը սկսել են կառուցել 2012 թվականի սեպտեմբերին, սակայն այն վերջնականապես դեռ պատրաստ չէ։ Ավելի վաղ այդ մայրուղին (Իրանից մինչեւ Վրաստանի սահման) նախատեսվում էր ամբողջությամբ բետոնից կառուցել, իսկ այժմ՝ մասնակիորեն ասֆալտից։





























