Հայաստան դարձյալ զբոսաշրջիկներ են գալիս` նշանակում է նրանք տեսնում են, որ երկիրը քաղաքականապես կայուն է: Այս մասին հուլիսի 6-ին` ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` ելույթ  ունենալով 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ:

«Ոչ մեկը չի կարող հերքել, որ 2016 թվականը Հայաստանի համար շատ ծանր տարի էր. տնտեսական դժվարություններ Ռուսաստանում, արժեզրկված ռուբլի, մետաղի ցածր գներ: Եվ դրա հետ մեկտեղ, Ղարաբաղում ապրիլյան եւ Երեւանում հուլիսի իրադարձությունները: Եվ այս ամենով հանդերձ` երկիրը ԵՄ տարածքում միջինից բարձր աճի տեմպ գրանցեց` 0,2 տոկոս` ընդդեմ 0,1 տոկոսի»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` ապրիլյան ռազմական գործողություններից հետո երկիր զբոսաշրջիկների հոսքը կտրուկ նվազել էր, հուլիսից հետո (Երեւանում զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը- խմբ.) ավելի շատ նվազեց: Սակայն հիմա այն վերականգնվում է եւ տարեսկզբից ավելի քան 30 տոկոսով աճել է` 2016 թվականի նույն ամիսների համեմատությամբ: «Իսկ սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում մարդիկ տեսնում են, որ մեր երկրում նախկինի նման քաղաքական կայունություն է տիրում»,- հավելեց փոխխոսնակը: